Անձնական

Բոլորն են արժանի ճանապարհորդելու

 

Գլորվում էր ոզնին արագ-արագ, չնկատելով, որ ճանապարհին ամեն ինչ հավաքում էր իր մեջքի վրա: Կանգ առավ, երբ հանդիպեց մի խումբ կենդանիների, որոնք ինչ-որ բանի էին սպասում:

-Եկել ե՞ն: Եկել ե՞ն: Եկել ե՞ն,-հարցրեց նա շնչակտուր:

-Եթե եկած լինեին, մենք հիմա անհամբեր երկնքին նայելիս չէինք լինի,-պատասխանեց մի սկյուռիկ՝ աչքը երկնքից չկտրելով,- դու ի՞նչ էիր պատվիրել:

-Պատկերներով գիրք: Դու՞։

-Խնդրել էի ինձ զարմացնեն: Ես չգիտեմ այնտեղ ինչեր կան, միգուցե փոստատարները մի բան գտնեն, որը ինձ դուր կգա:

Բոլորը միանգամից լռեցին, երբ տեսան բուերի խումբ, որ իրենց կողմ էր թռնում՝ ոտքերով ծանրոցներ պահած:

-Ահա և Վան Գոգդ, Արև ջան,- ոզնիին մոտեցավ և ասաց բուերից մեկը:

-Ինչը Գոգը՞ս:

-Վինսենտ Վան Գոգ: Մարդ, նկարիչ է շատ հայտնի:

– Վա՜խ, ինչ սիրուն նկարներ են,- մի փոքր թերթելուց հետո արտահայտվեց Արևը,- կուզենայի իրեն հանդիպել:

-Ցավոք նա չի ապրում այլևս, բայց կան շատ այլ հրաշալի երիտասարդ նկարիչներ:

-Չէ՜, ես հենց իրեն կուզեի հանդիպել, գոնե իր նկարների վայրերը այցելել:

-Դու շատ լավ գիտես, որ չի կարելի լքել անտառը, շատ է վտանգավոր: Բացի այդ, Վան Գոգի նկարների վայրերը չեմ կարծում, թե կարողանաս գտնել: Շատ-շատ իր հայրենիքը այցելես ուղղակի:

-Թեկուզ,-չէր նահանջում Արևը:

-Ո՛չ: Մոռացիր այդ մտքի մասին ուղղակի,- վճռորեն մերժեց բուն:

Բայց Արևը ամբողջ օրը իր երազանքի մասին էր մտածում ու ծրագիր մշակեց: Որոշեց փախչել: Հաջորդ օրը հանդիպեց Մարիա բուին, ում հետ նախորդ օրն էր խոսում:

-Մի բան կարո՞ղ եմ խնդրել,- հարցրեց Արևը Մարիային,- Կարո՞ղ ես մի ծանրոց հասցնել Վան Գոգի ծննդյան վայր: Ուղղակի ուզում եմ նամակ գրել նրա նկարների հանդեպ իմ սիրո մասին և որոշ այլ իրեր հետը ուղարկել:

Ով գտնի՝ գտնի:

Ոչ ոք այդպիսի բան չէր խնդրել Մարիային, բայց նա համաձայնվեց: Իրականում Արևը ավելին էր ծրագրել քան ուղղակի նամակ ուղարկելը: Նա որոշել էր թաքնվել տուփի մեջ և այդպես ճանապարհորդել դեպի հեռու-հեռու վայրեր: Երկար ժամանակ էին ճանապարհի վրա նրանք: Արևը որոշեց տուփի մեջից դուս գալ, երբ արդեն երկար ժամանակ տուփն անշարժ էր: Նա այնքան հիացած էր, որ մի քանի րոպե միայն իր շուրջն էր նայում: Կյանքում չէր տեսել շենքեր, խանութներ, մեքենաներ: Երկար ժամանակ նա ման եկավ քաղաքում և, վերջապես, մի շան հանդիպեց: Շատ էր ապշած, քանի որ չգիտեր, որ ուրիշ կենդանիներ էլ կային մարդկային աշխարհում:

-Հաֆ հաֆ:

-Ինձ հե՞տ ես,- զարմանքով արձագանքեց շունը,- ձեռք ե՞ս առնում:

-Ո՜չ, կներես չէի ուզում բարկացնել քեզ, ուղղակի կատակով ուզեցի սկսել խոսացկությունը:

-Դե բարև, հումորիստ ջան: Ափսոս չգիտեմ, թե ոզնիները ինչ ձայն են հանում: Ես Վոլդոն եմ:

-Իսկ ես Արևը: Այնքան ուրախ եմ, որ էլի կենդանի հանդիպեցի: Դու է՞լ ես փախել, ե՞րբ, ո՞նց: Ամեն ինչ պատմիր:

-Հոպ-ստոպ, բալա ջան: Ի՞նչ փախնել, ի՞նչ ես խոսում:

-Անտառից: Դու չե՞ս փախել:

-Ի՞նչ անտառ: Բան չեմ հասկանում:

-Ես ծնվել եմ անտառում, ինչպես և բոլոր մյուս կենդանիները և ոչ ոքի  չի թույլատրվում լքել, որովհետև ասում են, որ մարդկային աշխարհը վտանգավոր է: Սակայն ես շատ էի ուզում ճանապարհորդել և որոշեցի փախչել:

-Քեզ խաբել են, ծնվել և մեծացել եմ այստեղ: Չնայած նաև ճիշտ են նրանք, ավելի լավ կլիներ անտառում ապրել անկեղծ ասած:

-Բայց ինչու՞: Ախր շուրջդ նայիր, մի հսկայական աշխարհ է, որ կարող ես բացահայտել: Դու ազատ ես, կարող ես գնալ ուր ուզում ես:

-Դե մեկ շաբաթ բացահայտիր տեսնեմ, եթե ո՛չ սովից ես մահանում, ո՛չ էլ մեքենայի տակ ընկնում, այն ժամանակ կխոսենք:

-Կտեսնես, ինքս ինձ կկերակրեմ, կպաշտպանեմ ու ամեն ինչ շատ լավ կլինի:

-Ոնց ասես,-արհամարանքով պատասխանեց Վոլդոն:

Առաջին օրը Արևը մի ռեստորանի աղբամանից ուտելիք գտավ և ուրախացավ, սակայն հաջորդ օրը հին մսի արդյունքները օրգանիզմից դուրս եկան ինչպես որ մտել էին: Գիշերը չգտնելով ապաստան, ցրտից սառեց, և երրորդ օրը արդեն փոշմանում էր անտառը լքելու համար:

Չորրորդ օրն էր, նա թափառում էր տխուր, կարոտելով իր ընկերներին, երբ հանդիպեց Մարիային:

-Մարիա՞: Դու դեռ այստե՞ղ ես,-ապշած ասաց Արևը:

-Ես երեկ չեմ ծնվել և շատ լավ գիտեի, թե ինչ է մտքինդ: Քեզ այս քանի օրը հետևում էի: Դե ասա, լավ ճանապարհորդեցի՞ր:

-Չէ…բայց միայն, որովհետև պատրաստ չէի: Ես շատ այլ կենդանիների հանդիպեցի, ովքեր լավ էին ապրում: Եվ դուք նույնպես շատ լավ գոյատևում եք:

-Ճիշտ ես, բայց ախր անտառում հանգիստ է, անվտանգ: Ինչպե՞ս իմանանք՝ ո՞վ է պատրաստ:

-Ուրեմն դուք մեզ օգնեք, սովորեցրեք ամեն ինչ: Բու փոստատարներն էլ չեն ծնվում պատրաստ: Դուք նրանց օգնում եք: Մենք ինչո՞վ ենք պակաս:

Հետ ճանապարհին շատ փորձեց համոզել Մարիային, սակայն վերջինս միայն մերժում էր Արևին, չնայած, որ ինքն էլ էր արդեն մտքեր ունենում: «Իսկ ինչու՞ ոչ»,- մտածում էր Մարիան:

Մեկ շաբաթ անց:

-Ինչու՞ ենք հավաքվել,- հարցնում էր Արևը բոլորին:

-Ոչ ոք չգիտի,- ինչ-որ մեկը պատասխանեց:

Րոպեներ անց Մարիան բարձրացավ օդ, որպեսզի ուշադրություն գրավի ու հայտարարեց:

-Ուշադրություն ուշադրություն: Հաջորդ շաբաթ կբացվի ակադեմիա, որտեղ  մենք կպատրաստենք բոլոր-բոլոր կենդանիներին մարդկային աշխարհին:

-Չէ՞ որ բոլորն էլ արժանի են ճանապարհորդելու,- ասաց Մարիան և նայեց Արևին:

 

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: