Կրթություն

Դպրոցականն ու կրկնուսույցը ճաղավանդակում

Այս տարվա միջանկյալ քննություններս բարեհաջող, բայց նյարդային հանձնելուց հետո մի օր հաշվեցի` համալսարանում մոտավորապես քանի քննություն եմ հանձնել: Նպատակս ոչ թե այդ քննությունների քանակը պարզելն էր, այլ իմանալը` քանի՞ անգամ եմ սթրեսի ենթարկվել. 200 և ավելի: Գուցե թվա` չափազանցում եմ սթրես ասելով, բայց նշեմ` սա սկսվում է դեռ դպրոցից, ավելի հստակ` ընդունելության քննություններից, ակունքն էլ, կարծում եմ, տասներկուամյա կրթահամակարգն է:
Սեղանին դրված քննական թեստի օրինակ, քննական համարՀետաքրքիր է` եթե փողոցում հանդիպենք 12-րդ դասարանի մի աշակերտի և հարցնենք, օրինակ, իր դասացուցակը, նա դժվար թե իմանա: Բացի այն, որ 18-19 տարեկան աշակերտները, որ երիտասարդության սեմին են, կորցրել են հետաքրքրությունը դպրոցական առօրյայի նկատմամբ (ինչն իրենց տարիքի համար տարօրինակ չէ), այսօրվա կրթահամակարգն իր հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծել աշակերտների միակողմանի զարգացման, ավելի ճիշտ` մեխանիկական զարգացման համար: Այդ աշակերտը միայն գիտի այն առարկաների շտեմարանային հարցերի պատասխանները, որոնցից պետք է քննություն հանձնի ընդունվելիս: Իհարկե, այդ գիտելիքները ձեռք բերելու համար նա պետք է դիմի համապատասխան կրկնուսույցի, քանի որ դպրոցական ծրագրերը չեն բավարարում շտեմարանային պահանջները: Այսինքն` մեր` դպրոցական պետական անվճար ուսումը դառնում է վճարովի, բայց վճարը ստանում են կրկնուսույց մանկավարժները:
Ֆիզիկական լարվածություն, երկար ժամերով կրկնուսույցի հետ աշխատանք, շտեմարանների հարցերի թվերի «յուրացում», այդ ամենի հետ լարված սպասում ու տագնապ, որ քննություններին չեն ձախողվի, կրկնուսույցի տուն կամ դպրոց հասնելու համար տրանսպորտային ծախսերը ապարդյուն չլինելու վտանգ. այս հանգամանքները բավարար են, որ հասկանանք կրթության որակն ու ծառայությունների արդյունավետությունը:
Թեման, իհարկե, բազմաբովանդակ է իբրև հետնախորշային երևույթ:
Հարց: Ինչո՞ւ 12-ամյա կրթահամակարգը չի ծառայում նպատակին և դպրոցական ծրագրերով հնարավոր չէ համալսարան ընդունվել:
Հարց: Ի՞նչ անի ծնողը, ում երեխան մտավոր հնարավորություններ ունի սովորելու համալսարանում. ինչո՞ւ է ստիպված իր աշխատավարձի մի մասը վճարել կրկնուսույցին, մյուս մասով գնել մի քանի հատորանոց ոչ այնքան մատչելի շտեմարանները:
Հարց: Ի՞նչ անի մանկավարժը, ով իբրև ուսուցիչ կամ դասախոս չի վաստակում այնքան, որ կրկնուսույցի դեր չստանձնի ու իր աշակերտների հետ «ֆինանսական գործարքների» մեջ չմտնի:
Հիմա այսքանից հետո մի քանի խաչ արա քննաթերթիկին, ընդունվիր համալսարան ու… դու դեռ չգիտես, որ շարունակելու ես սթրեսների ենթարկվել 200 և ավելի անգամ:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: