Մշակույթ

Մի մեծ արև մայրաքաղաքի սրտում


Յուրաքանչյուր արվեստագետ ապրում է իր ստեղծած հեքիաթային աշխարհում, որը նրա կյանքի անբաժան մասն է կազմում: Այդպիսի մի գունագեղ աշխարհ է իր համար ստեղծել նկարչուհի Արև Պետրոսյանը, արվեստագետ, ում նկարներին նայելով` ջերմություն ես զգում, հրճվում ու տաքանում, զգում ու վերապրում: Եվ հենց ինքը` Արև Պետրոսյանը, մի մեծ ու լուսավոր արև է մեր մայրաքաղաքի սրտում:

– Երբվանի՞ց եք սկսել հաղ որդակցվել արվեստի հետ, և ո՞րն է եղել Ձեր ամենամեծ դասը:

– Կարծում եմ` դեռ մանկուց: Գիտե՞ք, եթե ընդհանրապես շատ ուշադիր մարդ ես, կարծում եմ` ամեն տարիքում դասը արդեն մեծ է, որովհետև եթե երկու տարեկանում ձեռքդ ես այրում, կամ ինչ-որ բան է կատարվում, դա արդեն մեծ դաս է քեզ համար: Հետո մեծանում ես, արդեն մեկ այլ տարիքում փոքրիկ խնդիր ես ունենում, շատ փոքրիկ հիասթափություն. դա էլ արդեն մեծ դաս է: Ուզում եմ ասել, որ ամեն մի տարիք` մեծ կամ փոքր դասեր չի ունենում: Հիշում եմ իմ հայրիկի խոսքերը. ասում էր, որ մարդ պետք է ազատ լինի և միշտ իր հեքիաթը նկարի: Այս խոսքերն ինձ մտածելու առիթ տվեցին, և կարծում եմ, որ հենց դա է պատճառը, որ այսօր ես արվեստագետ եմ:

– Նշեցիք, որ ազատ պետք է լինել: Ո՞րն է Ձեզ համար այդ ազատությունը:

the-big-sun2– Ինձ համար ազատությունը կենցաղի մեջ չէ: Ազատությունը շատ խոր
հոգևոր զգացողություն է և բնավ չի արտահայտվում դրսևորումների մեջ: Անշուշտ, մենք փորձում ենք ազատություն ստեղծել երիտասարդ ժամանակ մեր հագուկապի մեջ կամ փորձում ենք ազատվել այն կարծրատիպերից, որոնք մեզ պարտադրվում են, բայց դրանք ընդամենը առաջին քայլերն են դեպի իրական ազատություն: Իրականում ազատությունը հոգու ազատությունն է, որևէ կապ չունի և որևէ կերպ արտահայտված չէ կենցաղում ու շրջապատի մարդկանց հետ: Ազատությունը, կարծում եմ, չի բռնանում կողքի մարդկանց ազատությանը, այսինքն` սահմանը ազատության այնքան է, որ չկաշկանդի կողքիդ մարդու ազատությունը:

– Ո՞րն է Ձեր ամենասիրելի գույնը և ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

– Ինձ համար բոլոր գույներն են շատ սիրելի, բայց կարող եմ ասել, որ գույների համադրությունն է, որ տարբեր են: Ես շատ սիրում եմ սպիտակը և սևը:

– Ասում են` արվեստագետները յուրաքանչյուր երևույթ մի գույնով են պատկերացնում: Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում և տեսնում, օրինակ` մեր հայրենիքի գույնը:

– Ես կարծում եմ, որ մեր հայրենիքը ամենալուսավոր կետն է աշխարհում, քանի որ այն մերն է: Կարծում եմ, որ այն շատ գունեղ է, քանի որ մենք ենք գունեղ և լի ենք գունապնակի բոլոր գույներով. անհատականություն ենք բոլորս: Մեր հայրենիքը պինդ, ամուր գույներով լի է` մուգ կապույտներով, կարմիրներով, քանի որ մենք ենք շատ ամուր կանգնած մեր հայրենի հողին:

– Նկարչության ոլորտում Դուք մեծ հեղափոխություն արեցիք: Սկսեցիք նկարել օրգանական ապակու վրա` ներկերի փոխարեն օգտագործելով ոսկի և արծաթ: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը Ձեր մեջ:

– Միշտ ձգտել եմ թափանցիկին: Երիտասարդ ժամանակ անընդհատ ինձ ձգում էր թափանցիկը, և առաջին փորձերս շշերի վրա նկարելն էր, հետո փորձում էի ապակու վրա, միշտ ենթարկվում էր վատ ավարտի` փշրվում էին աշխատանքները, կամ ներկերը չէին կարողանում երկար մնալ ապակու վրա, բայց ամեն դեպքում, կարելի է ասել, 15 տարվա ընթացքում ես կարողացա գտնել այն տեխնիկան, որով կարող եմ ստանալ հիմնական նպատակակետերը` թափանցիկը և արտացոլանքը: Իրականում այստեղ խնդիրը ոսկին կամ արծաթը չէր, այլ արտացոլվող մակերեսներ ստանալը, որը ես կարողացա անել ոսկու միջոցով:

– Ձեզնից հատուկ տրամադրվածությո՞ւն է պահանջվում, որպեսզի կարողանաք ստեղծագործել:

– Երևի հատուկ մաքրություն է պահանջվում: Եվ ամեն մի ստեղծագործող ունի իր ձևը, կամ ինչպես է ինքը կարողանում անջատվել աշխարհից: Ինձ համար շատ կարևոր է, երբ ես թափանցիկ ապակին դնում եմ իմ առջև, իմ մտքերն էլ պետք է մաքրվեն, ազատվեն բոլոր տեսակի նեգատիվից, և ես կարողանամ դառնալ պոզիտիվ էներգիայով կամ իմ զգացողությունների փոխանցողը:

– Ձեր կարծիքով` մեր երկրում կա՞ն նպաստավոր պայմաններ արվեստագետների համար:

the-big-sun– Ստեղծագործելու համար` այո՛: Մեր երկիրը, կարծում եմ, դրախտավայր է ստեղծագործ մարդու համար, որովհետև կարողանում ես և՛ էներգիա ստանալ, և՛ տալ, կարողանում ես շփվել ընկերներիդ հետ: Քաղաքը շատ փոքր է, շրջապատդ` մեծ, տպավորությունները` շատ: Բայց արվեստագետի համար միայն ստեղծագործելը չէ, որ նպաստավոր պետք է լինի: Արվեստագետի համար պետք է լինի և՛ ստեղծագործելու պրոցեսը, և այնուհետև ստեղծագործությունը ներկայացնելու պրոցեսը, որը ոչ պակաս կարևոր է` ինչպես է ներկայացվում և ինչպես է գնահատվում այդ ստեղծագործողը: Բայց դրա համար էլ պետք են աշխարհի շուկաները: Հիմա ես կարող եմ ասել, որ այդպես են բացվել աշխարհի դռները, որ անգամ դու` քո գյուղում նստած` սարի գլխին, կարող ես կապի մեջ լինել աշխարհի ամենաբարձր կամ ամենաորակյալ ցուցասրահների հետ, կարող ես քեզ ներկայացնել աշխարհին` անգամ տանը նստած լինելով: Ուղղակի պետք է, հավանաբար, ներմուծվի մեր կենցաղ, կամ կարողանանք այդ պատուհանը բացել, որովհետև հրաշալի է ստեղծագործել այն միջավայրում, որտեղ դու ծնվել և մեծացել ես: Բայց պարտադիր պետք է քո արվեստը ներկայացվի աշխարհին: Դրա համար դեռ այդքան նպաստավոր չենք:

– Եթե ժամանակի մեքենա ունենայիք և հնարավորություն` ընդամենը տասը րոպեով տեղափոխվել անցյալ, ապա ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

– Ոչինչ չէի փոխի, ուղղակի տասը րոպե կվայելեի բնությունը և անդորրը:

– Մի՞թե հիմա այդ անդորրը չկա, որ հենց անցյալի տասը րոպեում կցանկանայիք վայելել:

– Հիմա էլ կա, բայց ուզում եմ ասել` այնքան բան չկա փոխելու, այնքան ինքնաբավ եմ այն ամենով, ինչ ստացել եմ կամ արել եմ, որովհետև և՛ սխալները, և՛ ճիշտը, և՛ ուրախությունը բոլորը օգնում են, որ այսօր դու լինես հենց այն տեղում, որտեղ դու հիմա ես: Եվ եթե որևէ բան փոփոխեի, հավանաբար, այստեղ չէի լինի, այլ որևէ ուրիշ տեղ: Այնքան բան չկա փոփոխելու, որ այդ տասը րոպեն կօգտագործեի` ուղղակի վայելելու համար:

Մեկ Մեկնաբանություն

  • Շնորհակալ եմ, այս պարզ և գեղեցիկ, այս անմիջական հարցազրուցի համար…
    Ուրախ եմ, որ կարողացա կիսել այս երկվայրկյանը քո հետ.
    Ապրես… քեզ բարի ճանապարհ.

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: