| Stories |

Society

Հայտնի են «Իմ մասին»-ի հաղթողները

«Արևածաղիկը» շարունակում է փնտրել պատանի լրագրողներ և փոքրիկ տաղանդներ։ Այդ նպատակով հայտարարված «Իմ մասին» խորագրով մրցույթն ամփոփվեց հունիսի մեկին։ Լավագույն տասը մասնակիցները հրավիրված էին Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակ, որտեղ էլ տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը:
 «Արևածաղիկ» խմբագրության աշխատակիցները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել աշակերտների հետ. «Կարող եք գրել ցանկացած թեմայով՝ այդ հարցում սահմանափակում չկա։ Կարող եք գալ մեր դասընթացներին։ Միշտ ուրախ կլինենք, եթե ձեր ստեղծագործությունները տեղ գտնեն ամսագրում»,-ասաց ամսաթերթի խմբագիր Մարիամ Սաիբեկյանը:
Տասը լավագույնները ստացան մրցանակներ, հաղթող եռյակը հատուկ մրցանակակիրներ էին։ Նրանց նվիրեցին Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» գիրքը։ Ամսագրի էլեկտրոնային հարթակի պատասխանատու Անի Բարսեղյանը նշեց. «Մեզ համար բոլորդ հավասար եք։ Դա մեր հիմնական գաղափարն է։ Նույնիսկ մեր անունը՝ «Արևածաղիկ», նշանակում է, որ մենք բոլորս հավասար ենք, ճիշտ այնպես, ինչպես սերմերը արևածաղկի մեջ»։
Մարիամ Սարիբեկյանը պատմում է․ «70-ից ավելի հայտերից ընտրվել են 10-ը։ Ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշով՝ ընտրվել են առավել տարբերվող և հետաքրքիր մտածողությամբ գրված ստեղծագործությունները։ Մենք փորձում ենք անել այնպես, որ «Արևածաղիկ»-ում ներգրավված լինեն նաև մարզերում ապրող ստեղծագործող երեխաները»։
Մրցույթի հաղթողներից մեկը՝ Սևակ Սուլյանը, մրցույթի մասին իմացել է ուսուցիչներից։ Սևակն ասում է, որ բոլորն էլ իրավունք ունեն երազելու. «Գրելեմ թիթեռնիկի մասին։ Մտածեցի, որ ախր բոլորս էլ իրավունք ունենք երազել, և գրեցի փոքրիկ արարածի մեծ երազների մասին»։ Սևակն ասում է, որ չէր կարծում, թե լավագույնների շարքում կլինի, իսկ հաղթելու մասին ընդհանրապես չէր էլ մտածում։
Երկրորդ մրցանակակիրը Լիաննա Ալավերդյանն էր։ Վերնագիրը տեսնելուց հետո  հստակ գիտեր, թե որն է ընտրելու․ «Ես նկարում եմ։ Գույներն արդեն շատ հարազատ են դարձել ինձ և պարզ էր, որ իմ պատմությունը աշխարհի գույների մասին է լինելու»։
Էլեն Հակոբյանն էլ  մտածել էր իր ստեղծագործության բովանդակության մասին, գրել, հետո նոր ընտրել առավել համապատասխան վերնագիրը։ «Գրեցի հրաշքի մասին և որպես խորհուրդ մարդկանց ուզում եմ ասել՝ անընդհատ մի մտածեք հրաշքի անհնարինության մասին, մի սահմանափակեք ձեր մտքերը և այդպես այն ավելի շուտ կիրականա»։
Ուշադիր եղեք «Արևածաղիկի» կայքին և անպայման մասնակցեք մրցույթներին։ Գուցե հաջորդ հաղթողը հենց դուք եք։
Հեղինակներ` 
Միլենա Բարսեղյան

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: