Հասարակություն

Լուսնի կտոր

Միլենա Բարսեղյանը սովորում է հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի 10-րդ հումանիտար (լրագրություն) ենթահոսքում։ Այժմ հասկանանք, թե ինչպիսին են կանաչ գույնի սիրահար Միլենա Բարսեղյանի քայլերը, երազանքներն ու նվիրումները։

– Շարունակի՛ր քո մասին։ Լինում է, չի լինում…

– Չորսաչքանի մի կենսուրախ ու ապագայում իրեն գրքի հեղինակ պատկերացնող մեկը։

– Գրքի հեղինակ լինելու համար այժմ ի՞նչ քայլեր ես անում, և ինչպիսին է լինելու ձեր հեղինակային գիրքը։

– Ուզում եմ ունենալ պատմվածքների կամ թեկուզ բանաստեղծությունների ժողովածու: Հիմա գրում եմ, երբեմն-երբեմն գրում եմ, պահում, հետո նորից կարդում, փոփոխում:

– Ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու։

– Մասնագիտության հարցում կողմնորոշվել եմ. արդեն երկու տարի է` հումանիտար ուղղվածությունն եմ ընտրել: Քանի որ մի քանի շարադրության մրցույթներում հաղթեցի և զուգահեռ լրագրողական խմբակ գնացի, այդ ամենը խթանեց, որ հստակ որոշեմ` գրելու հետ կապված մասնագետ եմ լինելու: Ուզում եմ սովորել միջազգային լրագրություն, ուսումնասիրել և տեղեկացնել աշխարհի տարբեր երկրներում կատարվող իրադարձություններից: 

– Բացի լրագրությունից, ո՞ր բնագավառում կցանկանայիր հայտնի լինել։

– Միշտ ցանկացել եմ երաժշտության բնագավառում հայտնի լինել, որևէ գործիք նվագել կամ հենց երգել, ունենալ նվագախումբ: Բայց, ցավոք, ձայնային տվյալներ չունեմ: Ապագայում գուցե փորձեմ, թեկուզ սիրողական, որևէ գործիք նվագել սովորել: Իսկ բացի այդ, կարող եմ նշել թատրոնի դերասանի մասնագիտությունը: Գնացել եմ թատերական խմբակ ու դա նույնպես հետաքրքիր է ինձ:

– Ասացիր, որ շարունակելու ես լրագրությամբ, իսկ հիմա ի՞նչ քայլեր ես անում այդ ուղղությամբ։

– Առաջին քայլերս եղել են «Հայացք» հեռուստաստուդիայում, որն ավարտել եմ մեկ տարի առաջ: Հիմա հաճախում եմ «Արևածաղիկ» ամսաթերթի խնբագրություն, որտեղ սովորում ենք և՛ լրագրություն, և՛ մեդիագրագիտություն: Վարժարանում, որտեղ սովորում եմ, նույնպես անցնում ենք լրագրություն առարկա: Բացի այդ, կամավոր թղթակցում եմ երկու կայքի` այդպես փորձ ձեռք բերելով սովորում, հմտանում: ԹՈՒՄՈ կենտրոնում ևս զբաղվում եմ լրագրությամբ:

– Ի՞նչ հաջողություններ ես ունեցել։

– Հաղթանակներ եմ գրանցել շարադրության մրցույթներում։ Շարադրություններից երկուսի թեման հայրենիքն էր, միջիս եղած հայրենասիրությունը բառերով արտահայտելը լավ է ստացվել, և այդպես հաղթել եմ: Մեկը «Նամակ զինվորին» հանրապետական մրցույթն էր, որը գրեցի ավելի շատ կարոտից (եղբայրս էլ զինվոր է)։

– Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում։

– Գիրք եմ կարդում կամ հանդիպում ընկերներիս հետ:

– Իսկ ո՞ր գիրքը կառանձնացնես։

– Յուրաքանչյուր գիրք էլ տպավորվում է ինչ-որ մի բանով: Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունն» է շատ տպավորվել վերջին կարդացածներիս մեջ: Նաև Իոսիֆ Բրոդսկու «Ավերված քաղաքների ուղեցույց» գիրքն է մեծ տպավորություն թողել, շատ հարցերի շուրջ մտածելու առիթ տվել:

– Ըստ քեզ` մի կտոր ի՞նչն է, որ պակաս է։

– Մի կտոր սերն է պակաս բոլորիս կյանքում։ Սեր հայրենիքի հանդեպ, սեր հասարակ անցորդի, քաղաքի, աշխատանքի ու ամեն ինչի մեջ։

 

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: