Սպորտ

«Պատանի դիպուկահար» աղջիկների մրցույթ

Պարզվում է՝ Հայաստանում կան ինձ 

հասակակից աղջիկներ, որ հիանալի տիրապետում են զենքին, արդեն իսկ կայացած հրաձիգ են։

Նրանց հանդիպեցի «Պատանի դիպուկահար» աղջիկների ամենամյա մրցույթի եզրափակչում։ Առաջնության կազմակերպիչը Երկրապահ կամավորականների միությունն էր։ Այս ստուգատեսին մասնակցում էին ԵԿՄ թվով 25 տարածքային բաժանմունքների և պատվո պահակային վաշտի թիմերը։ Մրցակցությունն իսկապես թեժ էր. աղջիկներն առավելագույն միավորներ էին ստանում, երբեմն հաղթողին որոշելու համար լրացուցիչ կրակահերթերի անհրաժեշտություն էր առաջանում։

 

Անհատական լավագույն արդյունք ցուցաբերած Միլենա Մխիթարյանը՝ ՊՊՎ ստորաբաժանումից, ինձ հետ զրույցում ասաց, որ արդեն չորս տարի «Պատանի երկրապահ» կառույցում շարային, կրակային պատրաստություն է անցնում։ Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին կամավորագրվելու և առաջնագիծ մեկնելու ցանկություն է հայտնել։ Բնականաբար, նա մերժում է ստացել, սակայն, կարողությունների չափով պիտանի է եղել թիկունքային աշխատանքները համակարգող շտաբին։ 

Միլենան համարում է, որ ինքն այսօր արդեն պատրաստ է ծառայության զինված ուժերում.

 

Վերադառնանք, սակայն, հրաձիգների առաջնությանը։ Այստեղ թիմային հաշվարկով էլ պատանիների տարիքային խմբում (երիտասարդների միջև էլ առանձին առաջնություն էր անցկացվում) հաղթեց ՊՊՎ թիմը, 2-րդ տեղում Աջափնյակի թիմն էր, 3-րդում՝ Իջևանի։ 

«Կարծում եմ՝ պետք է օրենք ընդունվի և կամավորականության սկզբունքով աղջիկներին էլ հնարավորություն տրվի ծառայել բանակում։ Թող աղջիկների առանձին ստորաբաժանում ստեղծեն։ Մենք տղաներից ինչո՞վ ենք պակաս»։

«Պատանի երկրապահ» կառույցի փոխնախագահ, շտաբի պետ, մայոր Արայիկ Հարությունյանն ասում է, որ հաղթել են բոլորը, որ ստուգատեսը ցուցանել է, որ կառույցը ճիշտ ուղով է ընթանում, արդյունքները գոհացուցիչ են։

«Մեր այս երեխաները պետության և իրենց ընտանիքների համար պիտանի մարդիկ են, նրանցով կարելի է հպարտանալ»,- ասում է նա։

Հրամանատարասերաժանտական եռամսյա դասընթացները նույնպես անցկացվում են պատանի երկրապահների հետ։ Առաջատարները քննությունների արդյունքում ստանում են սերժանտի, իսկ առավել շնորհալիները՝ ավագ սերժանտի կոչումներ։ Ավագ սերժանտի կոչում ստացած Մանվել Պողոսյանը հպարտանում է, քանի որ այսուհետ խումբ ղեկավարելու իրավունք կունենա և կօգնի հաջորդ դասընթացի դասավանդողներին։ «Պատանի երկրապահ»-ի նախագահ, մայոր Արթուր Հախումյանցը հավելում է.

«Պատանի երկրապահներին ոչ միայն կրակային ու շարային ենք սովորեցնում։ Նրանք մեզ մոտ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել, առաջին բուժօգնություն ցուցաբերել են սովորում, հայոց պատմություն ու քրիստոնեական արժեհամակարգ են ուսումնասիրում։ Ինչպես ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն է ասում՝ այս երեխաները վաղվա հզոր Հայաստանի, վաղվա բարեկեցիկ, պաշտպանված Արցախի սերմերն են»։

Պետք է խոստովանեմ՝ վարակիչ ինչ-որ բան կա այս աղջիկների մեջ։ Վաղվանից ես էլ չսկսե՞մ ծանոթանալ զենքին։ Քանդել-հավաքելուց կսկսեմ։ Կառուցվածքին մի լավ ծանոթանամ, նոր կրակեմ։

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: