| Stories |

Հասարակություն

Սեռական դաստիարակության կարևորությունը

Մեր օրերում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սեռական դաստիարակության թեման գրեթե ամբողջությամբ անտեսվում է: «Արևածաղիկը» զրուցել է «Ապագա» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Արմեն Բեջանյանի հետ, որպեսզի պարզեի, թե ո՛րն է պատճառը, և ի՛նչ հետևանքներ կարող է դա ունենալ:

 

– Ինչո՞ւ է դպրոցականներին անհրաժեշտ սեռական դաստիարակությունը:

 

– Ինչո՞ւ է դպրոցականներին անհրաժեշտ, ենթադրենք, բարեկիրթ լինել: Ըստ էության, դա սեփական մարմնի մասին, հարաբերությունների մասին տեղեկատվություն է, որն իրենք այսպես թե այնպես կիմանան, իրենց դա հետաքրքրում է, և տարբեր տեղերից նրանք ինֆորմացիա վերցնելու են: Եվ, իհարկե, շատ կարևոր է, որ նրանք այդ տեղեկությունը ստանան ճիշտ աղբյուրներից, որովհետև համացանցում բավականին շատ աղբ կա: Եվ ցանկացած բարեկիրթ մարդ պիտի նաև իմանա սեռական կյանքի հիգիենայի մասին, իմանա` ի՛նչ է դա իրենից ներկայացնում, մանավանդ սեռահասունացման շրջանում: Մարդը պիտի իմանա` իր հետ ի՛նչ է կատարվում, և ի՛նչ վտանգներ կան: Եթե չգիտի, տագնապ է ապրում, և ձևավորվում են տարբեր տիպի նևրոզներ, հոգեմարմնային հիվանդություններ:

– Ինչո՞ւ են ծնողներն ու ուսուցիչները խուսափում թեմայից:

– Այդ մշակույթը մեզ մոտ լավ չի ձևավորվել, և նրանց էլ ժամանակին չեն դաստիարակել կամ չեն ծանոթացրել: Իրենք էլ չգիտեն, թե ինչպե՛ս ծանոթացնեն. այդ փորձը փոխանցվում է սերնդեսերունդ: Օրինակ` բժիշկների ընտանիքում ավելի ազատ են դրա մասին խոսում և տեղեկացված են: Բայց, ցավոք, կան շատ մանկավարժներ, ովքեր չեն ուսումնասիրել անատոմիա կամ ֆիզիոլոգիա, և, կարելի է ասել, ամաչում են խոսել: Դրա համար խուսափում են, որովհետև չգիտեն` ի՛նչ ասել: Ընդամենը իրազեկման խնդիր է: Երբ ծնողներն իմանան` ինչ ասել, անպայման կասեն:

– Շատ երեխաների համար այդ թեման ծիծաղելի է: Ինչո՞ւ:

– Ծիծաղը պաշտպանական մեխանիզմ է: Քանի որ իրենք էլ պատրաստ չեն, ամաչում են այդ թեմայից, ինչ-որ ձևով սկսում են արձագանքել: Դա կարող է պարզապես խուսափելով արտահայտվել, նրանք կարող են դուրս գալ ու չլսել, ցույց տալով, թե իրենք «բարոյական» են, թեև այստեղ խոսքը բարոյականության մասին չէ: Ինչ-որ կերպ պետք է արձագանքեն, ռեակցիա տան: Ամենատարածվածը, իհարկե, ծիծաղն է, բայց իրականում նրանք շատ են ուզում լսել ու հասկանալ, թե ինչի՛ մասին է խոսքը:

– Ի՞նչ հետևանքներ է ունենում այդ խուսափողական վարքագիծը:

– Հետագայում, արդեն ընտանիք կազմելիս, սկսվում են բավականին լուրջ խնդիրներ: Մինչև ընտանիք կազմելը, ինչպես ասացի, հիմնականում կարող են ձևավորվել նևրոզ, հոգեմարմնային այլ հիվանդություններ, տագնապներ, ինքնագնահատականի իջեցում, վախեր: Դեռահասների շրջանում շատ տարածված են ինքնագնահատականի իջեցումը, ագրեսիվ պահվածքը: Իսկ արդեն ընտանիք ձևավորելուց հետո կարող են լինել բավականին լուրջ ընտանեկան կոնֆլիկտներ, բախումներ, ինչը շատ հեշտ հարթվում է, եթե գիտեն դրա մասին: Էստեղ արժեհամակարգ պետք է ձևավորվի, քանի որ շատ խիստ է դրված, և փակ է այդ թեման: Եթե չեմ սխալվում, եթե ութերորդ դասարանում աշակերտը պետք է ուսումնասիրի անատոմիա, ֆիզիոլոգիա, բայց ուսուցիչները պատրաստ չեն, փակում են գիրքը, ասում, որ ինքները տանը կարդան: Հաջորդ օրը աշակերտը սպասում է, որ իրական, գիտական աղբյուրից տեղեկություն կստանա իր կամ հակառակ սեռի մասին, սակայն նրանք ընդամենը երկու բառով ամփոփում են, անցնում են առաջ, և նորից ինֆորմացիան մնում է կիսատ, իսկ կիսատ ինֆորմացիան միշտ կոնֆլիկտածին և լարող է: Բնականաբար, չիմանալով` մտնում են կյանք, ընտանիք, և ընտանիքում սկսում են այնպիսի պահանջներ դնել, այնպիսի սպասումներ ունենալ, որոնք ի սկզբանե հնարավոր չէ իրականացնել: Սեռական կյանքի դաստիարակություն և սեռական կյանքի հիգիենա հասկացություններ կան, պետք է սկզբից ուսումնասիրվի սեռական կյանքի  դաստիարակությունը, հետո` սեռական կյանքի հիգիենան: Օրինակ` դժվար է պատկերացնել մի ընտանիք, որտեղ չիմանան և չհասկանան` ինչո՞ւ է պետք ատամներն ամեն օր երեկոյան և առավոտյան լվանալ. բոլորը գիտեն, դրա համար էլ անում եմ: Իսկ հիգիենան միայն մաքուր լինելը չէ, հիգիենան միայն լվացվելը չէ, հիգիենան շատ ավելի ընդլայնված է: Այստեղ հոգու հիգիենայի մասին է խոսքը, ինչպե՞ս անել, որ մարդը հոգեպես հանգիստ լինի: Սրանք բավականին լուրջ թեմաներ են, պիտի իրազեկվեն և՛ մանկավարժները, և՛ դեռահասները, և՛ այն մարդիկ ովքեր աշխատում են դեռահասների հետ: Այստեղ շատ անելիքներ ունեն և՛ հոգեբանները, և՛ ուսուցիչները, և՛ բժիշկները:

– Արդյոք ժամանակաշրջանից ու միջավայրի՞ց է կախված մերժողական վարքագիծը:

– Այդ մերժողական վարքագիծը մեր արժեհամակարգն է, որը ձևավորվել է շատ տարիների ընթացքում: Այն ժամանակ մարդիկ, հատկապես դեռահասները, այլ միջոցներով իրենց սեռական էներգիան պարպելու, դատարկելու հնարավորություն ունեին, որը կոչվում է սուբլիմացիա, այսինքն` սպորտով էին զբաղվում, տարբեր խմբակներ կային: Մարդը կարողանում էր սպառել այդ էներգիան: Այսօր հնարավորությունները սահմանափակ են, որովհետև շատ բաներ վճարովի են, և ամեն մեկը չէ, որ կարող է օգտվել այդ հաճույքներից: Մյուս կողմից` ինֆորմացիան շատ բաց է. ցանկացած դեռահաս կարող է համացանցից օգտվել: Այստեղ պարզ է, որ տարբեր հետևանքներ կամ արդյունքներ կարող են լինել, կախված, թե ի՛նչ աղբյուր են օգտագործում:

– Ի՞նչ բացասական կամ դրական հետևանք կարող է ունենալ, երբ աղջիկներին ու տղաներին առանձին են ծանոթացնում այդ թեմային:

– Երևի թե մեր պարագայում իմաստ ունի սկզբից մեկ կամ երկու հանդիպում առանձին անցկացնել: Եթե որպես նախապատրաստական աշխատանք է տարվում, ես խնդիր չեմ տեսնում, բայց եթե մենք միշտ տարանջատենք, կարծես թե արհեստական խորհրդավորություն, ինչ-որ փակ գաղտնիություն կմտցնենք: Սա կարող է լինել վտանգավոր և այլաբանական, այլ ընկալում առաջացնել մասնակիցների մոտ:

– Ուսուցչի սեռը կամ տարիքը կարո՞ղ է նպաստել ավելի անմիջական շփմանը:

– Չէի ասի, որ շատ ծանրակշիռ պայման է, բայց իհարկե կարող է: Բայց նույն 60 կամ 70 տարեկան ուսուցիչն էլ կարող է շատ լավ, ջերմ մթնոլորտ ձևավորել, որտեղ աշակերտները կկարողանան բացվել, խոսել իրենց խնդիրներից, ցանկություններից: Երիտասարդ ուսուցչի դեպքում մեծ վտանգ եմ տեսնում, եթե տարիքային տարբերությունը շատ փոքր է: Խոսելով այդ թեմաների շուրջ` ուսուցիչը պետք է չափազանց բանիմաց, նրբանկատ լինի, որ թույլ չտա այնպիսի դրսևորումներ, որոնք հետագայում կարող են խնդիր դառնալ այդ հարաբերությունների մեջ:

– Որքանո՞վ անհրաժեշտություն կա, որ սեռական դաստիարակությունը համարվի առանձին առարկա դպրոցներում:

– Սեռական դաստիարակության մեջ` որպես առանձին առարկա, ես չեմ տեսնում շատ մեծ իմաստ: Դա կարող է լինել ցանկացած այլ առարկայի շրջանակում, ինչպիսիք են անատոմիան, ֆիզիոլոգիան, առողջ ապրելակերպը:

– Որն է ավելի ճիշտ` սեռական դաստիարակություն դպրոցո՞ւմ, թե՞ տանը:

– Ե՛վ դպրոցում, և՛ տանը: Պիտի սկսվի դպրոցից, իսկ դպրոցի և ծնողների կապը պիտի բավական սերտ լինի: Դպրոցներում հիմա, փառք Աստծո, կան հոգեբաններ: Նրանք պիտի զրուցեն այդ թեմաներով առանձին խմբերով դեռահասների հետ, և ծնողների համար նույնպես առանձին խմբեր պետք է լինեն: Սա բավականին լուրջ և քրտնաջան աշխատանք է:

– Հասարակության մեջ կարծիք կա, թե դպրոցականները փոքր են, ու սեռական դաստիարակությունը սխալ գործությունների կարող է հանգեցնել: Որքանո՞վ է դա ճիշտ:

– Սխալ գործողությունները սխալ հետևանքներ կունենան, ճիշտ գործողությունները արդյունքի կբերեն: Նայած թե ո՛վ է դասավանդելու, ինչպե՛ս, ի՛նչ մեթոդաբանությամբ, ի՛նչ թեմատիկ նյութերով և այլն: Այստեղ պետք է մասնագետ լինի:

– Ո՞րն է ճիշտ տարիքը սեռական դաստիարակության համար:

– Նորածնային հասակից: Եվ այստեղ պարտադիր չէ, որ ամեն ինչ ասվի իր անուններով:

Տեղեկությունն ամեն տարիքի համար պետք է բնորոշ լինի և պետք է ներկայացվի այն, ինչը ընկալելի է տվյալ տարիքի համար: Օրինակ` փոքր տարիքից, երբ հարցեր են տալիս` «ես որտեղի՞ց եմ ծնվել», «որտեղի՞ց եմ լույս աշխարհ եկել», պատասխանը թող լինի ոչ թե` «քեզ արագիլն է բերել» կամ «կաղամբի մեջ ենք գտել», այլ «դու իմ և քո հայրիկի/մայրիկի սիրո պտուղն ես, մենք քեզ շատ ենք սիրում, և դու լույս աշխարհ եկար»: Եվ ավելին պետք էլ չի, դա բավարարում է, այսինքն` ամեն տարիքում պետք է լինի բնորոշ այն, ինչը պահանջվում է:

– Որտե՞ղ է դպրոցականներին տրվող տեղեկության սահմանը:

– Այնքան, որքանով նրանք պատրաստ են ընդունել, և այն պիտի ներկայացնի մասնագետը` հոգեբանը: 2,5-3 տարեկան հասակում երեխայի մոտ սկսվում է ինքնագիտակցությունը, ձևավորվում է սեփական «ես»-ը, այս տարիքում են սկսում տարանջատել սեռերը, դերանունները, և այդ մակարդակով պիտի տրվի տեղեկությունը: 6 տարեկանում համապատասխան պիտի ներկայացվի, 10 տարեկանում` համատասխան, մենստրուալ շրջանում, եթե աղջիկ է` արդեն պիտի նախապատրաստվի մենստրուալ շրջանին: Տղայի մոտ նույնպես տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, սկսում են ձևավորվել կրծքագեղձերը, և նրա մոտ էլ նոր զգացողություններ են ծնվում: Նրանց պետք է ասեն, որ դրանք բնական պրոցեսներ են, այսինքն` ամեն տարիքին պետք է լինի բնորոշ ասելիք: Եվ սահմանը պետք է լինի այնքան, որքանը ընկալելի է այդ տարիքի համար:

– Ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ դպրոցում վերանա «ամոթ է» արտահայտությունը:

– Պետք է պարզապես մասնագետներն աշխատեն երեխաների հետ:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: